Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Այս էջը հաստատված է
6

Ու լուռ էր այնպես։ Ու լուռ էր։ Ու գոլ
Լռության գրկում թվում էր նրանց,
Որ կյանքը մահից անհուն է ու խոր,
Մահու պես գաղտնի, անթափանց, անանց։
Ու հիվանդ էր նա։ Բայց մահը չկար։
Միայն մշուշում երկու կրակներ
Կարծես բռնկվող, կարծես հոգևար,
Երազի նման ժպտում էին դեռ։

7

Եվ մեկը հանկարծ ասաց մյուսին․—
«Արևը երեկ անցավ — ո՞ւր գնաց․․․»։
Մյուսը նայեց ու ժպտաց կրկին․—
«Արևը չկա։ Արևը — երազ․․․»։
Եվ մեկը ուզեց անդարձ հեծկլտալ,
Բայց բարձր ճչաց․— «Օ, ցո՜ւրտ է այնքան․․․»։
Մյուսը ժպտաց։ Ու երկա՜ր — երկա՜ր
Լռեցին նրանք՝ անբարբառ, կարկամ։
Եվ երկուսն էլ լուռ նայեցին նրան։
Լուռ քնել էր նա։ Լուռ էր ու լռին։
Եվ վերջին միգում վերջին լռության
Երկուսն էլ հլու սպասում էին։

8

Եվ մյուսն հանկարծ բարձրացավ տեղից
Ու սուր, լռության դղյակում կարկամ,
Ուր իջել էր մի անսահման կսկիծ—
ճչաց ու կանչեց տասերկու անգամ։
Տասերկու անգամ կանչեց, բայց չկար։