Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Այս էջը հաստատված է
Արնոտ էր նրա ձայնը մշուշում:

Տասներկու անգամ կանչեց, խելագար —
Ու դուրսը ոռնաց հուսահատ մի շուն:
Լուսնի երեսին ոռնաց ու լռեց:
Եվ վերջին անգամ նա կանչեց նրան:
Կինը բարձրացավ, ժպտաց, համբուրեց -
Ու մշուշի մեջ երկուսն էլ կորան...

9

Իսկ մեկը, նստած անկողնի առաջ,
Սպասում էր դեռ: Կարծում էր, որ նա
Դեռ պառկած է իր անկողնի վրա,
Որպես լույս-ցնորք ու հոգու երազ:
Չտեսավ, կարծես, որ ջահը հանգավ:
Չտեսավ, կարծես, որ անդարձ ընկավ,
Անդարձ փշրվեց բաժակը հոգու,
Որ զրնգում էր դեռ երեկ երեկո:
Մի՞թե չլսեց կանչը խելագար.
Տասներկու անգամ կանչեց ու տարավ:
Մի՞թե չտեսավ, որ ջահը չկար,
Որ ջահը հանկարծ արյունվեց — մարավ:
Լուռ նստած էր նա անլույս սենյակում,
Աղոթում էր դեռ ու հսկում էր նա:
Եվ կամաց-կամաց տագնապը թաքուն
Իջնում էր նրա կարոտի վրա...

10

«Դու ի՞նձ ես ուզում. այստեղ եմ ահա:
Նստել եմ քեզ մոտ — մի՞թե չգիտես:
Լռության գրկում սպասում է նա:
Շրթերդ հրոտ համբուրում եմ — ես»: