Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Այս էջը հաստատված է
12

Ու վերջին անգամ նայեցին իրար...

Ծանո՜թ էր այնքան աչքերի հեռուն...
Այն ո՞ւր է տանում հորձանքը վարար—
Լույսը հոգևար մարող աչքերում։
— Դու ի՞նչ ես ուզում... Դու մրսե՞լ ես, հա՞։
— Իսկ դու, դո՛ւ, որ միշտ արևի բովում
Այրվում էիր — եկել ես հիմա
Ու փնտրում ես իմ լուսնային հեռուն...
Ու աչքերը, խոր, խորունկ խորացան
Մյուս աչքերի խորության մեջ խոր։
Կարծես հիշեցին, կարծես մոռացան,
Որ եղել են, կան, ապրում են մի օր։
Եվ կինը խնդաց արնոտ մշուշում—
Ու եկավ, կանգնեց երկուսի առաջ։
Միթե նա՞ է — նա։ Միթե չի՞ հիշում
Աստղերը վառած, աստղերը մարած։
Թե՞ ուր է նա։ Եկավ — ու չկա։
Կանգնած են նրանք դեմ առ դեմ էլի։ —
Վերջին պարտության վայրկյանը հիմա

Կհնչե անդարձ... Եվ ուշ կլինի։

13

...Ու վայրկյանը, քար, ընկավ անողոք։

Հնամյա մի կամք, անդարձ ու տոկուն,
Որպես դարերի վիթխարի բողոք—
Խտացավ նրանց աչքերի միգում։
Եվ մյուսն հանկարծ ճչաց — քարացավ.
Կույր, զգաց հանկարծ, որ սառցե մի սուր
Մեխվեց իր սրտում։ Սառցի պես մի ցավ

Կաշկանդեց նրա էությունը հուր։