Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Այս էջը հաստատված է

ՀՐԴԵՀԸ

1

Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ,
Շենքերը հսկա վառվում են, փլչում։
Բոցերը` կարմիր նայադների պես
Ծխերի միջից երկինք են թռչում։
Այն ո՞րտեղ էին, ո՜ւր էին պահված
Փերիներն ալվան կրակի, հրի,
Անմահ Վահագնի հարսներն հրավարս,
Նայադները այս կարմիր փրփուրի։
Երգով ու ծափով երկինք են թռչում`
Դեպի արևի գիրկը մոռացված.
Շենքերը, սակայն, փլչում են, փլչում`
նրանց կարոտին ողջակեզ դարձած։