Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Այս էջը հաստատված է

. . . . . . . . . . .
Ես ինձ եմ ուզում, ի՛նձ, լսո՞ւմ ես, կի՛ն,
Ինձ, որ չե՛մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հող դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարք չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին, — ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ —
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը՝ աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին՝
Հավիտենության սահմանը ունայն —
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ...
Եվ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը — ու նա,
Քարացած հոգիս՝ աներազ, անտես՝
Ցո՜ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ —
Նա էլ չի դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար...

Օ, ծա՛նր է, ծա՛նր է, օ ծա՜նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
— Ախ, լինել թեթև՜, հրոտ, հրակամ,
Վառվել, որպես զոհ, զոհս չմերժի
Արևը — արև, ու Ա՛գնի, ու Ռա.
Վառվել ու մարե՜լ աշխարհի վրա՝
Զոհի՜ պես արդար, ինքնաամոքիչ —
Ու մահից հետո չլինի՜ ոչինչ...
1916