Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Այս էջը հաստատված է
ՀԱՐԳԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Սիրելի Վիվանին
И так мы живём, что нельзя нам не жить.
                                   ФЕТ

***

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու
Երկու ճամփորդ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:

Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական -
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ -
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում,
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր: