Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Այս էջը հաստատված է
ԿԱՊՈՒՅՏԸ
1

Կապույտը. հոգու աղոթանքն է, քույր,

Կապույտը — թախիծ․
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ։

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց։
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց։

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի։
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի։

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից —երկինք։
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք։

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում—
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում։