Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/82

Այս էջը հաստատված է
4
Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա,

Օ, նայիր հեռուն․—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում․․․


Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա․
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա։


Շղթան ոսկեգույն, հրաշքի՜ շղթան
Բռնկվել է տե՛ս։
Նայիր ու ժպտա՛, դու ժպտա՛ միայն՝
Արևոտ — ու հեզ․․․


Եվ թող սո՜ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության —
Արևածագին քրոջ աչքերում

Բռնկված շղթան․․․