Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/85

Այս էջը հաստատված է

7
Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին։

Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն։
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն։

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քու՛յր իմ, կա՛ր, քու՛յր
                                         իմ, կա՛ր

Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ։

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար՝
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ։

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՛ մեջ
                                  կապույտ։

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին…