Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Այս էջը հաստատված է
2

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում —

Ժպիտը ոսկի․
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա․․․


Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն․
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային

Իրիկնաժամում մանուշակագույն...