Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Այս էջը սրբագրված է

VIII


125 Վերադարձա տուն..․
Վայրկյանն իմաստուն, եկել է ահա։
Գնացել են մեր հնձվորներն արդեն
Ու հսկում եմ ես հին շեմքի վրա։

Գնացել են մեր հնձվորներն արդեն։
130 Ես մենակ նստած սպասում եմ լուռ։
— Ճերմա՜կ սիրուհիս, ես գիտեմ, գիտեմ,
Որ նրանք հիմա հնձում են տխուր...

Ցավում է հոգիս ու խոցվում է խոր․
Վառվում է քո հին կարոտն իմ հոգում։
135 Բայց ինչո՞ւ է սիրտս այսպես բախտավոր
Եվ ինչո՜ւ է ցավն այսպես ամոքում․..

Հնձում են հիմա հնձվորներն այնտեղ.
— ճերմակ սիրուհի՜, կապուտաչյա քո՜ւյր...
Արևր հիմա այրում է այնտեղ
140 Խե՜ղճ հնձվորների կրծքերը մաքուր...

Իսկ ես անսփոփ սպասում եմ դեռ
Վերադարձների բերքառատ ժամին։ —
Օ՜, հեռու իմ քույր, երկիր իմ անտեր—
Այնտեղ, երևի, քրքջում է քամին...

IX


145 Օ՜, իմ հեռո՜ւ, կապուտաչյա՛ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ...
Օրերում այս տառապանքի ու մահի
Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։
Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից