Վերելքը ծանր էր և ուղին — ավեր։
Եվ այնտեղ չկար ո՛չ մարդ, ո՛չ թռչուն։
Եվ շարա՜ն֊շարա՜ն բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն։
155
Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
Ոտքերիս կպած մեզ վա՛ր էր կանչում։
Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք։
Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
160
Ուր ոչ արարած, ո՛չ բույս կար, ո՛չ կյանք։
Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
Խորո՜ւնկ զգացինք, որ ապրում ենք, կա՜նք։
Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն։
165
Բարձրության վրա խորո՜ւնկ է այնպես
Մարդկային հոգին անհունը սիրում։
Անհո՛ւն հրճվանքով զգում Էի ես,
Որ լա՛վ է, որ կամ այս հին աշխարհում։
Եվ խորասուզված կույս հեոուների
170
Անսահման ու խոր անհունության մեջ —
Ես հոգուս խորքում լուռ ուխտում էի
Լինել գթասիրտ, ու հպարտ, ու մեծ—
Երբ հեռվից հանկարծ մի զինվոր֊ընկեր
Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց։
175
Մոտեցա... և քար կտրած մնացի։ —
Ձյուների վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։