Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ
235
Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ։
Եվ չէ՛ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
240
Չար ալիքների զրույցները չար։
Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծայր ու անծայր հեռու։
Բնությունը, գիրգ ստինքները բաց,
Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու—
245
Պատրաստ էր ամե՛ն անցորդի առաջ
Իր աշնանային բերքը փռելու։
Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմ — խաղողի մի ծով։
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
250
Սնվել էր անմահ արևի բոցով։
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՜ւ զնգոցով։
Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Վիրավոր սրտի, փոշոտ ոտքերի—
255
Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի—
Երբ տունկերի մեջ․․․ տեսանք մի դիակ։
260
Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր։