Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

Ինչ որ եղավ սակայն — մահից վատ չէ՞ր

միթե։—

Ինձ քշեցին մի տեղ,
195 Մի տեղ,
Ուր կարող էր Լինել մահը՝ կյանքի դեվիզ։
Մի հարյուր մարդու հետևից,
Ինձ էլ խառնած նրանց՝ դաշտը տարան։
Ճամփին բռնում էին
200 Սրան֊նրան։

Փողոցներում տեսա
Հազար ընկեր։
Ո՛րը քունքից զարկած,
Ո՛րը վզից։
205 Ողջը ծանոթ մարդիկ,
Ծանոթ դեմքեր։
Հիմա դիակ դարձած՝
Փլատակներ մսի։
Սակայն թողնենք էդ դեռ։
210 Կայարանի հանդեպ
Կար «Ciy»-ի մի մեծ, հսկայական ռեկլամ։
Ցուցանակի նման ցցված էր նա այնտեղ՝
Զույգ սյուների, կարծես զույգ ոտքերի վրա։
Ա՛յ, «Ciy»-ի հենց այդ ցուցանակից
215 Կախված էին մերոնք... Հինգ սպիտակ
մերկ դի։
Ինչ֊որ կանայք, հարբած, շուրջը պարում էին։
Լեզուները հանում ու ծիծաղում լկտի։

Եվ կայարանն հետո...

Այնտեղ, դռան մոտիկ,
220 Երկու լապտեր կար փոքր՝ սովորական, գազի։