Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել․․․
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Իրենց մեջ պահած անանուն հարցեր։
265
Ընկերս դողաց ու ընկա գետին։
Ջո՜ւր, շշնջացին շրթերը նրա։
Տարտամ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին—
270
Ոչինչ չերևաց։ Պարան կար։ Առա։
Ու կախ տվեցի անտակ հորի մեջ։
Լսեցի հեռու ճղփոցը ջրի։
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես։
Տակառը մի տեղ զարնվեց քարի։
275
Էլի մի վայրկյան․․․ Եվ հանկարծ ասես
Դեմս ոգիներ ելան շուրջպարի։—
Չռված աչքերով նայում էի ես
Ամանում լցված ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
280
Հանդարտ, անաղմուկ օրորվում էին։
Ճիչը սրտում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին։
Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ-
285
Մենք դուրս վազեցինք հուզված ու խռով․
Եվ սարսափահար հայացքները մեր
էլ չէին տեսնում ո՛չ այգի ո՛չ ծով,
Ուր սատանա՜ն էր իր թույնը քամել․․․