Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Այս էջը սրբագրված է

135 Շռայլ փռում էր երկրի վրա
Իր «օրհնությունը» և «եղիցին...»։
Բացվում էր դեմս մի մութ կամար,
Ուր արեգակը՝ թելից կախած՝
Լուսավորում էր քաղաքներ մառ
140 Ու գյուղեր ծխոտ ու խեղդամահ։
Թախիծ էր, թույն էր այն աշխարհում,
Այնտեղ մամուռ էր միայն աճում.
Այնտեղ տերտերն էր ու վաշխառուն
Ու խարազա՛ն էր այնտեղ շաչում։
145 Եվ հաշտ առուն այն, հեքիաթ֊առուն,
Որ երազում էր կարոտով նա —
Այն արոտնե՛րն էր միայն ջրում,
Որոնց տիրում էր մի ռես Հովնան։
Մյուս դաշտերը —չլուտ ու չոր,
150 Ու դաշտերում այն — գրաստ֊ապին,
Հագին նեխած մի, ցեխոտ շապիկ,
Հոգին միշտ համր, հրատոչոր։
Եվ ժամը, ժամը գյուղամիջում՝
Կյանքի վրա այդ նստած թուխսի,
155 Եվ քահանան ծեր և ծեր մուխսին,
Եվ աղոթքները Եղսան բաջու։
Իսկ քաղաքնե՞րը... Այստեղ արդեն,
Որպես առանցքը ամբողջ կյանքի —
Բարսեղ աղա մի, կամ մի Արսեն՝
160 Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Ահա իմ դե՛մն է, դե՛մն է իմ նա.
Տեսնում եմ դեմքը նրա ճարպոտ.
Խոզի մռութ մի, ուռած մի փոր.
Նա ուղԽրկում է որդուն գիմնազ,
165 Ունի տներ ու խանութներ մեծ,
Գիտե ուտել կուշտ, չափով խմել,