Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

Սակայն սիրում է անչափ, անչափ
Ծծել քրտինքը բազմաչարչար
Բանակների այն, որ աշխարհում
170 Միայն հոգնում են ու աշխատում։
Ահա առանցքը։- Շուրջը սակայն,
Ինչպես լուսինը շուրջը հողի —
Դառնում է կյանքը նայիրական
Ու լիանում է նրա շողից․․․
175 Հլու ու համր նրա խոսքին
Ու շարժումին մի նրա մատի —
Ջրօրհնեքից օ, մինչև զատիկ —
Դառնում է շուրջը կյանքը «ազգի»։
Դառնում են շուրջը գրքեր, թերթեր,
180 Դպրոց, թատրոն ու եկեղեցի,
Տներ, կառքեր բյուր, օթո ու ձի,
Հոգաբարձու ու վարձու տերտեր։
Դառնում են շուրջը վարժապետներ,
Որ ըստ տեղի ու ժամանակի՝
185 Թե՛ փաստաբան են, գրող են թե՛,
Թե՛ խմբապետ են, թե՛ խմբագիր։
Նրանք են ուղը, աղը կյանքի,
Նրանք են փայլը աշխարհի այն,
Ուր արևում է վերից մի «հայ»
190 Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Նա վե՛րն է, վե՛րն է, ինչպես արև,
Փառաբանում են նրանք նրան,
Եվ նա թափում է նրանց վրա
Իր բարությունը՝ փայլը հրե։
195 Եվ նա թվում է նրանց օրենք,
Ինչպես արևը հավերժական,
Որ պարգևում է պայծառ օրեր
Եվ շնորհում է թե՛ լույս, թե՛ կյանք։