Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Այս էջը սրբագրված է

Այնտեղ, ուր հովն էր քո կարկաչում,
Ուր կուզեիր որ Զարոդ ապրի —
295 Հիմա դրել ենք երկաթ ֆաբրիկ
Եվ մեքենան է այնտեղ շաչում։
Եվ քիլովատը յուրաքանչյուր,
Ամեն մի վոյլտը այնտեղ հաշված —
Ամեն վոյլտեր է կյանքի կանչում
300 Եվ քիլովատներ հանում աշխարհ։
Օ, դաշտերում այն մեր անջրդի,
Ու կառքը փառք էր, եթե գնար —
Մեր նոր բանակն է ելնում բանտից,
Այնտեղ զնգում է երբ մեքենան։
305 Երբ ծխնելույզն է ծխում այնտեղ
Եվ հիդրոշենը փռում կայծեր —
Դա թա՛թն է, թա՛թն է մեր երկաթե
Քանդում աշխարհը հնամյա ձեր․․․
Այնտեղ մեր շուրջը ծփում է դեռ
310 Ճղճիմ ճահիճը ձեր ծանրանիստ —
Եվ տարիներ դեռ քանի՜, քանի՜
Պիտի նա թափը մեր կաշկանդե։
Կարծում ես հինը չկա՞ այնտեղ,
Քո երազածը՝ հուշով նախշած։—
315 Օ, ո՛չ,— կանգնած են դեռ դեմառդե՛մ
Երկրում մեր և՛ս — երկու աշխարհ։
Եվ ձե՛րը, ծե՛րը— ճնշող է դեռ։
Քո ներբողածը — դեռ կա՛, դեռ կա՛
Եվ կլինի՛ նա երկա՜ր, երկա՜ր,
320 Քանի դեռ հինը մենք չենք քանդել։
Կապրի՛, կապրի՛ դեռ շունչդ այնտե՛ղ,
Կերգեն երգերը դեռ քո թողած,
Քանի կյանքում մեր կանգուն է դեռ՝
Ցնորք — բոստանը քո ներբողած։