Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/275

Այս էջը սրբագրված է

Ճերմակ թերթիկները գրպանը խոթեց.—
Իսկի չվախի՛ թող գաղտնի Կոմիտեն։
45 Ու վազե՛ց, վազե՛ց նա սրտի դողոցով.
Դիմացից՝ մի վա՛շտ էր անցնում փողոցով.—
Զսպելով սրտում իր մի կրծող, մութ բան —
Մոտեցավ նրանց նա ու ասաց «գուդբայ»...
Ասաց, ծիծաղեց նա կամաց, ինքնիրեն —
50 Ու հանեց թերթիկները, սկսեց ցրել...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,—
Որքան հեքիաթնե՜ր կան այս գորշ քաղաքում...

Այս ի՜նչ քա տղա՛ է, այս ի՜նչ լավ ցրիչ...
Բոլոր զինվորները մեկ-մեկ վերցրին.
55 Սակայն հայհոյանքը կոկորդում զսպած՝
Մեր տղի գլուխը արնոտեց սպան։
Հարվածեց, գլուխը արնոտեց տղի —
Կարմիր կաթիլները թափվեցին հողին...
Բայց երկրորդ հարվածը երբ օդում շողաց —
60 Արդեն չքացել էր, կորել էր տղան...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ — Բաքու,—
Որքան հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում

Հևիհև հասավ մեր Կոմիտեն տղան.
Արնոտած երեսը հրճվանքից շողաց.
65 Կապեցին գլուխը, դրին անկողին.
Ուղարկող ընկերը համբուրեց տղին...
Հետո գործադո՛ւլ մեծ եղավ քաղաքում —
Ելան բանվորները — ու հաղթեց Բաքուն։
Ամբողջ պրոլետարը կանգնեց դեմուդեմ —
70 Խոզուկ Տոմսոնի՛ն այն հաղթեց Կոմիտեն...