Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/277

Այս էջը սրբագրված է

ԻՄ ԸՆԿԵՐ ԼԻՊՈՆ


(Բալլադ մանկության, բախտախաղի, պայքարի և հերոսության մասին)



Ընկեր Լիպարիտ Մխչյանի հիշատակին


Մանկությունը հիշելիս՝ սիրտս դառնում է գինով...
Ես մի ընկեր ունեի՝ Լիպո անունով։

Ինչքան հիշում եմ նրան՝ աչքերիս հանդեպ
Մի նայիրյան տեսարան բացվում է հապճեպ։

5 Փռվում է դեմս իսկույն մի փողոց խաղաղ,
Ու փողոցի անկյունում — մի վտիտ տղա։

նիրհում է Կարսը՝ խաղաղ ամառնամուտին...
Ինչքա՜ն վտիտ է տղան այդ ոտաբոբիկ։

Նա նստած է մի քարի — տասնամյա տղան,
10 Ու նիրհում է առաջին — մի ցածլիկ սեղան։

Կլոր սեղան է ցածլիկ, մեջտեղում — մի չարխ.
Բախտախաղ է մանկական — կոպեկնոց վիճակ։

Տո՛ւր մի կոպեկ ու խփի՛ր,— թե բախտդ բանեց —
Մի տուփ լուցկի, կամ մի տուփ քորոց կհանես։