Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Այս էջը սրբագրված է

Ու ցատկում էին խավարի միջում
Նրանց արնավառ սրունքները մերկ․․․

Ու ձուլած իրար սեր, ցնորք ու մահ,
Լուսնահար ծովի երգով օրորուն—
375 Ուղեղիս բորբոք կտավի վրա
Թանձրացան նրանք ու անցան հեռուն—
Եվ խավարն իջավ աչքերիս վրա
Ու ողջը կորավ աներազ նիրհում․․․

VI



Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
380 Ճի՛շտ դեպի կռիվ — դեպի ռազմավայր։
Գնում էինք մենք՝ կայտառ և ուրախ՝
Կռվելու, կռվով մեռնելու համար։
Հեռուն թշնամին փախչում էր արագ
Եվ կռվում էինք մենք՝ լարված ու վառ։

385 Թնդանոթները թնդում էին թունդ,
Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
Ավեր է փռում նա, հարված ու վերք,
Ու դառնում են շեն գյուղեր—մոխրակույտ,
390 Ու ծուխը, կապույտ, բարձրանում է վեր։

Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
Ձյունապատ լեռան ահավոր կողով։
Դժվար էր ուղին։ Բայց աչքերն հառած
Փախչող թշնամուն՝ անհուն մի կորով
395 Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
Եվ սրտերս այրում քանդումի հրով։