Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

Նրա քաջ խոխեքը, իր խմբի տղերքը՝
Իրենց խմբապետի հռչակին վստահ՝
Անվերջ խմում էին — ու հոսում էր երգը։
25 Իգդիրցի Եգորը, Կարսեցի Հարոն,
Մշեցի Թաթիկը ու Սաքոն Ղաչաղ,
Որոնցից վախենում էր անգամ ինքը — Դրոն,
Որ իրենց կանչել էր առավոտը վազ։
Նա նրանց կանչել էր առավոտ վեցին,
30 Շավարշին կարգադրել էր, որ բերի իր խումբը․
Գիտեին, որ ուզում է ուղարկի գործի,—
Եվ ահա Շավարշը մինչև այդ — խմում էր։
Շավարշը մռայլ էր։ Մի մթին կասկած
Օձի պես կրծում էր նրա սիրտը․
35 Սեղանի գլուխը մութ, մռայլ բազմած՝
Անդադար խմում էր ու հայացքը — բիրտ էր։
— Կանչել է Դրոն առավոտ վեցին,—
Մտածում էր Շավարշը,— բայց ինչո՞ւ է կանչել․
Ասաց՝ ղրկելու է կարևոր գործի —
40 Եվ թողեց, որ կասկածը մինչև լույս տանջե
Եվ ուտի իր սիրտը։— Ինչո՞ւ չասաց,
Թե այդ ի՞նչ գործի է ուղարկում նա․
Ուղեղում վխտում էր կասկած հազար
Մտածում էր՝ գնա՞, թե չգնա։
45 Ո՞վ գիտե Դրոյին։ Այո։ Ո՞վ գիտե։
Կարող է սարքել հազար դավ։ Դրոն։
Դժվար է կռվել հետը։
Չուզեց խաթրով անի — կանի զոռով։
Կհանի իր վրեժը։— Երեկ չէ՞ր միթե,
50 Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել։
Ինչո՞ւ։— Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ։