Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Այս էջը սրբագրված է

Ու վատնում էի ճիգերս հետին։
Գագաթը մոտ է — կհասնեմ հիմա։
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՛ղ դեպի մահ։
485 Բայց ո՛չ․․․ Մեռնողի բնազդով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա։

Քայլեցի նորից։ Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ։
Ա՜, հասել էի ես գյուղը արդեն։
490 Հասել էի ես։ Կես գիշեր էր ուշ։
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՜ւշ, քնեցի անո՜ւշ․․․

VII



․․․Կռիվն սկսվեց — անողոք ու գոռ։
Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից
495 Հարձակվում էին նրանք — բյուրավոր,
Մերթ հետ նահանջում մեր խիստ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր—
Ու փախչում էին, ու գալիս նորից։

Եվ ընկնում էին նրանք շարեշար,
500 Մռնչում էին գազանների պես։
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նրանք դեպի մեզ։
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար—
Եվ սվինամարտն ահա սկսվեց։

505 Մենք գրկում էինք ու չանգռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին։շ