Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
565
Անդրշիրիմյան տոնող Աստծուն․․․
Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛հ է ու ավեր,
570
Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն։
Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին։
575
Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին։
Եվ իմաստ չունի այլևս հիմար
ճակատագրի որոշած Անդին։
Եվ գինին այստեղ ծորում է առատ,
580
Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում։
Այլևս չկա և ոչ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում։
Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ գոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշի ձեռքում․․․
585
․․․Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ,
Լսում էի ես կարկաչը նրա։
Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ոչ ծուխ։
590
Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա․․․