Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Այս էջը սրբագրված է

Ա՜խ, գյուղակների շուրջպարը կանաչ`
Դաշտերի ոսկի՜ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
595 Ուր հավերժության ցնորքը անհաս
ճախրում է կարծես ոսկի՜ դաշտերում․․․

Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին։
Միրաժի նման փարվում է հոգուս
600 Անէ աշխարհի քնքշությունը հին։
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս —
Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին․․․

Օ՜, խորհուրդների հավերժական մա՛յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
605 Հղանում ես միշտ կյանքեր անհամար —
Հազար գույներով՝ հազա՛ր ելևէջ,—
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ․․․

Օ, դո՛ւ, բարբարո՜, խելագա՜ր, ցավո՜տ,
610 Երբեմն իմաստուն, երբեմն — գազան,
Աշխարհներ այրող կախարդական խո՜տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՜ն,—
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՜ մասին — աղո՜թք սրբազան․․․

615 Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
620 Չցնդի՜ երբեք ու մնա — երազ․․․