Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Այս էջը սրբագրված է

ԱԹԻԼԼԱ

Топчи их рай, Аттила!
Вяч․ Иванов

I

Դարերի խորքից արթնացած նորից՝
Անցնո՜ւմ եմ ահա երկրի դաշտերում․
Նայում եմ դեպի հրդեհվող հեռուն՝
Դարերի խորքից բարձրացած նորից։

5 Ինձ թաղել էին ոսկի դագաղում
Իմ հոները մի հեռավոր գիշեր։
Եվ իմ շիրիմը ոչ-ոք չգիտեր
Եվ աճյունիս հետ ոչ-ոք չէ՛ր խաղում։

Մոռացե՜լ էին արքա Աթիլլին։
10 Եվ հեգնում էին երազը նրա․․․
եվ կարծում էին, որ մեռել է նա․․․
Իսկ ես — բարձրացել, անցնում եմ կրկին։

Եվ հրդեհների բոցերը դեղին
Խանձում են ահա աստղերը նորից․
15 — Էլ չե՛ք մոռանա, չե՛ք հեգնի էլ ինձ
Հոների արքա հզո՜ր Աթիլլին։