Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Այս էջը սրբագրված է

Միտք էի անում ինքս ինձ այսպես
Ու նայում էի իմ մութ անկյունից —
310 Ժողովուրդն ահա արթնացավ քնից։
Ամենից առաջ մեծերն արթնացան։
Եվ ահա շտապ, խմբերով ցիր-ցան,
Բոլոր կողմերից եկան կրակուն
Ու հավաքվեցին զանգատան բակում։
315 Ամենից առաջ մի խենթ էր հասել
(Անունը նրա չեմ ուզում ասել) —
Զարթնել էր թե չէ՝ գիշերի մթում
Վազել էր իսկույն դեպի զանգատուն։
Եվ ահա, անմահ հերոսին վայել
320 Անմար եռանդով գանգում էր նա էլ։
Եվ ժողովրդի զարթնելու հուսով
Զիլ զանգում էին նրանք երկուսով։
Ու նրանց հուժկու ձեռքերի տակին
Դղրդում էին զանգերն ահագին,
325 Դողում էր նաև զանգատունն ամբողջ —
Ու ձայն էր կտրել հորիզոնը ողջ։

11


Վերջապես նրանք, երբ քիչ հոգնեցին,
Ժպտացին իրար — ու վար նայեցին։ —
Ու սիրտը նրանց խնդաց զնգոցով,
330 Երբ տեսան նրանք բազմությունը ծով,
Որ վարն հավարված իրենց էր նայում—
Հերոսնե՜ր էին նրանք այդ պահուն․․․
Ծփում էր այնտեղ բազմությունը հոծ․
Հավաքվել էին մեծերը հայոց,
335 Ու աչքերն հառած դեպի զանգատուն
Աղմկում էին գիշերի մթում։