Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Այս էջը սրբագրված է

Աղմուկը սակայն երկար չտևեց.
Բարբառեց հանկարծ խենթը վերևից —
Ու տիրեց իսկույն լռությունը քար,
340 Կարծես ներքևում ոչ մի մարդ չկար։
Աղբյուրի նման կարկաչուն ու հորդ,
Մերթ մեղմ ու անուշ, մերթ անչափ խրոխտ,
Մերթ ինչպես վերից փոթորիկ սուրա—
Հոսում էին վար խոսքերը նրա..․
345 Ու այս էր ասում այդ մարդը վերից․
«— Ընկերներ, հայոց աշխարհում նորից
Կրակ է ընկել, ու մրրիկ, ու մահ.
Ընկե՛րներ, համառ խմբերով հիմա
Մենք պետք է իսկույն, անվախ, անվեհեր,
350 Երթա՛նք փրկելու ժողովուրդը մեր։
Գիտեմ, ձեր սրտում տիրում է հուզում.
Դուք անշուշտ հիմա գտնել եք ուզում,
Թե ո՞վ է նորից աշխարհը վառել,—
Կամ մինչև հիմա մենք ի՞նչ ենք արել
355 Մեր ժողովուրդը փրկելու համար.
Որպեսզի հարցը չմնա խավար
Ու ոչ մի գաղտնիք մեր մեջ չմնա—
Ամեն ոք թող այս խոսքերս իմանա»։
Եվ նա սկսեց պատմությո՛ւնը հին.
360 Ո՞վ չի իմացել որ մեր թշնամին
Խաբող է ու նենգ, ու վախկոտ, ու մութ.
Եվ ասում էր նա. «Ոչ մի ժողովուրդ
Չի սիրում խարդախ թշնամուն մեր չար,
365 Այնինչ ազգը մեր աստվածահանճար
Զարմանք է լցնում սրտում բոլորի —
Իր բախտով դաժան ու կռվով արի։
— Այո, ընկերնե՛ր։ Աշխարհը ամբողջ
Ողբում է հիմա աղետը հայոց,