700
Ժպտում էի ես այդ ակնթարթին
Ու հանգստացած իմ ժողովրդին
Նայում էի ես երկնի դրախտից
Ու լալիս էի անսահման բախտից․․․
Ու լույս էր շուրջս, հրաշք էր կարծես»
705
Հրճվանքից այնպես դողում էի ես,
Որ սիրտս կանգնեց ուրախությունից
Եվ ես, քրտնաթոր, արթնացա, քնից․․.
Արթնացա տեսա՝ անկողնում եմ — ես․․․
Ու սառ ջուր լցրին իմ գլխին ասես։
710
Ուզեցի ճչամ ու կանչեմ մեկին,
Ուզեցի սեղմեմ աչքերս կրկին․
Գուցե պատահի, որ զարթնումը այս
Մի վայրկյան է սուտ, մի տխուր երազ․․․
Ու սիրտս ասաց, որ երկրում իմ ցուրտ,
715
Ուր բուք է, քամի ու գիշեր է մութ—
Բոլորը հիմա պառկել են հողին՝
Մերկ․․․ գետնի վրա․․․ առանց․․․ անկողին.․․
Ու տիրեց սրտիս անհույս մի հուզում,
Կյանքին հավատալ ես չէի ուզում։
720
Ինչե՜ր չէի տա ես այն վայրկյանին,
Թե երազ դառնար արթնացումը իմ․․․
Եվ ահա հանկարծ վայրկյանին այդ մութ
Վառվեց իմ սրտում մի կրակ աղոտ․
Մի միտք սկսեց իմ սիրտը հուզել —
725
Եվ սկսեցի ես ինձ համոզել․
<<Մի՞թե չգիտես, ասացի ես ինձ,—
Որ չի տարբերվում կյանքը երազից։
Միրաժ է կյանքը, երազ ու տեսիլ —
Քո այդ երազում դու կյա՛նքն ես տեսել։
730
Կյանքը աշխարհում մի երազ է հենց,
0, ցնդած պոետ Եղիշե Չարենց․․․>>։