Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/214

Այս էջը հաստատված է

Բայց կանգնած է նա, ահա տե՛ս—
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր։


XXIX


Թե արևը այրում ու կիզում է— նա ասում է՝ ու՞ր է

իմ կամքը.

Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. նա ասում է՝

ու՞ր է իմ կամքը․

Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ

այդ լեզուն է,—

Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է՝ ո՞ւր է

իմ կամքը։



XXX


Ասում են` վիթխարի հերոս, հանճարեղ է եղել

Իսքյանդարը․

Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը․
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝

չլիներ թե ընթացքը—

Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր

Իսքյանդարը։



XXXI


Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ

իմացիր.

Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը

դու լա՛վ իմացիր.

Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր

ճանապարհդ

Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու

լա՜վ իմացիր։