Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/215

Այս էջը հաստատված է


XXXII



Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա

ինչքա՜ն ինքնագոհ է․

Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա

ինչքա՜ն ինքնագոհ է․

Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը

ուռճանում է իր մահը

Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա

ինչքա՞ն ինքնագոհ է։



XXXIII


Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել

այս տունը.

Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել

այս տունը։ —

Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու

հիմերը —

Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինված մի զնդա՛ն է

անձև այս տունը։



XXXIV


Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե

ցնո՛րք է կյանքը.

Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է

կյանքը.

Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես

արդյոք ու հոգնել,—

Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է

կյանքը։