Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է


ԸՆԿԵՐ



Հիշում եմ մազերդ գանգուր,
Դեմքդ՝ փողոցի պես փոշոտ,
Ծիծաղդ զվարթ Զանգու,
Եվ աչքերդ վառ ու խոշոր։

5 Հիշում եմ, հիշում եմ, Կարո՛,
Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ —
Հիշո՞ւմ ես՝ աղբի տակառում
Հավաքում էինք թուղթ ու գազեթ։

Հավաքում էինք մենք լուցկու
10 Նոր տուփեր, կլեպներ սեխի —
Ու խաղում էր մեր կապույտ հոգում
Արևի լույսը դեղին։

Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
Կառքերի ետևին կպած,
11 Մանկական խնդությամբ մի չար
Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ․․․

Եվ ահա մի օր այդպես
Երբ թռչում էինք մենք սրընթաց —
Կառապանը մտրակով շաչեց
20 Եվ դու պոկվեցիր ու ընկար․․․