Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/316

Այս էջը հաստատված է

Ոհմակը շների,
75 Անհուսության,մահու ոհմակները այդ սև,
Կաղկանձեցին նորից լուսիններին նսեմ,
Սև բիբերիս խոշոր լուսիններին նսեմ,
Որ գիտեին այնպես բորբոքել ու կիզել։
Այնքան երկար—երկար կաղկանձեցին նրանք
80 Սև բիբերիս խոշոր լուսինների վրա։
Այդ ի՞նչ կրակ է բորբ,այդքան արագ,արագ
Իմ կոնքերից հոսում դեպի մարմինս հրի․
Եվ ի՞նչ փայլով խալ կուրծքս մթնում վառած,
Որ ցնդել են այդ սև ոհմակները էլի։
85 Ի՞նչ ոգինե՛ր խելառ,ի՞նչ մրրիկներ հրի
Օրորեցին վառվող շրթունքներս նորից։
Ու մազերս կրկին,առագաստներ դրած,
Ո՞ւր են թռչում ասա՛ ի՞նչ դժոխքներ մռայլ։

— Կի՛ն սևազգեստ,ճամփամիջին կերած,
90 Օրը օրին,
Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դու — ասա՛։

— Ես երազում եմ նրա՛ գալուստը,
Ում պետք է ահա գգվի ագահ։
95 Նա խոստացե՛լ է, նա գալո՛ւ է․
Այսօր ուզում եմ — և նա կըգա՛։

Օ, տանջանքո՛վ խոր, որ ձեզ խորթ է․
Նա կենդանի է՝ լցված սիրով
Դեպի կոնքերը անհագուրդ իմ,
100 Դեպի մարմինն իմ անդարձ գերող։