Ու թռա անհուն ծարավով,
Ինչպես նետ՝ պոկված աղեղից։
205
Ու իջա ես դղյակի
Ներքնահարկը մռայլ ու մութ․
Ու խեղդում էր արդեն իմ հոգին
Մի կարոտ՝ համր ու անգութ։
Եվ ահա աչքերով բոցակեզ
210
Ու սրտի վագրային խանդով —
Ես տեսա՝ դանդա՜ղ այնպես,
Լուռ, գնում էր Ալֆոնս Անդոն։
Ու նրա քայլերին դանդաղ
Հետևում էին հեզանազ,
215
Օրորուն քայլերով խանդոտ —
Այն կույսերը փայլ ու երազ...
Ես նայում էի անկյունից։
Հեռանում էին համրաքայլ․․․
Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
220
Լցվում է սիրտս ագահ։
Եվ ահա ես տեսա, որ թեթև
Այն կույսերը հուր—գեղանի
Ծերունի ասպետի ետևից
Հեզանազ, մտան բաղանիք․․․
225
Մի առյուծ էր, որ—իմ սրտում
Վիրավոր՝ խոլ մռնչաց։
Իմ հոգում փոթորիկ էր պայթում․
Ճարճատում էր մրրիկ մի չար։