Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/10

Այս էջը հաստատված է

Արյունս դարձավ արնահամ օղի,
Եվ ես, կորցրած եռանդ ու ուղի`
80 Անվերջ գնացի անկումից անկում։—

Չկարողացա՝ ես կրել կյանքում
Պայծառ անունը քո, որպես դրոշ,—
Եվ գլխիս իջավ խավարը անդուռ,
Եվ ես հասկացա, որ դու՛ ես, այդ դու՛
85 Ինձ հետապնդում հատուցման սրով։

Եվ ոռնացի ես, ինչպես մահամերձ
Գազանն է ոռնում մահվան սարսափից,
Ձեռքերս ահո՛վ կարկառեցի քեզ,
Կարոտով անհուն կարոտեցի ես
90 Կենդանի շնչիդ, հրիդ ու տապիդ:

Եվ մահամերձն է ինչպես հայցում օդ`
Գլուխը դրած արնահոտ բարձին,—
Այդպես մահամերձ ու հրակարոտ,
Սրբելով ոգիս տանջանքի հրով,
95 Ես սպասեցի քո վերադարձին։—

Վերադարձել ես դու կրկին ահա
Անչափ դժվարին մի ճանապարհով.
Ձեռքիդ ծանրաձույլ մի քնար պահած`
Կանգնել ես կրկին դու կողքիս, սակայն
100 Համա՛ռ ես հիմա ու խստաբարո:

Էլ չես դու այնքան անփույթ ու թեթև,
Ինչպես այն ջահել ամազոնուհին.—
Ոգով դու կրկին անխոնջ ես թեև,
Կանգնել է սակայն քո գլխի վերև
105 ինչպես ուրվական — հոգսը ամեհի: