Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

Կոփվող մի աշխարհ . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Իսկ առավոտյան

Երբ եկավ կրկին նա գրասենյակ`
510 Քնատ էր դեմքը, դժգոհ ու մռայլ.
Գիշերը կարծես եղել էր քեֆի,
Եվ այժմ ծանր էր գլուխը, սիրտը
Խառնում էր կարծես — և աշխարհը ողջ
Թվում էր պղտոր, մթին զառանցանք։ —
515 Իր մթնած, կիտված հոնքերի տակից
Նայում էր մեկ—մեկ նա շուրջը, նրանց,—
Եվ նրանք կրկին նու՛յնն էին թվում,
Նույնն էին թվում այդ մարդիկ նրան`
Նույն սովորական և անհրապույր,
520 Կարիքից, հոգսից ու աշխատանքից
Բթացած մարդիկ... Երեկվա իր մեծ
Խոհերից նրա պղտոր ուղեղում
Մնացել էր լոկ մի մթին մորմոք,
Մնացել էր լոկ խղճի խայթի պես
525 Մի ծանր զգացմունք, որը ճգնում էր
Նա իր մեջ խեղդել։— Նման զգացմունք
Ունենում է մարդ, երբ հանցանք է մի
Կատարում գաղտնի.— խայթում է խիղճը —
Եվ իզուր է նա ճգնում թաքցնել
530 Սեփական խղճից գիտակցությունը
Այդ անդառնալի հանցագործության...
Այդպես երբեմն հարբելուց հետո,
Մյուս առավոտ ամաչում է մարդ,
Երբ հիշում է, որ ինչ—որ անծանոթ
535 Մի մարդու առջև բացել է սիրտը
Գիշերը` խելքից ընկած ժամանակ...
Հեռու, մարմրող ցոլքերի նման