Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

Անցնում է վաշտը պիոներական։
Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում ռիթմով կորովի,
Անցնում են նրանք քայլերով վստահ,
Աչքերով հստակ, դեմքերով թովիչ։—
Քայլում են նրանք շոսսեով, հետո
30 Կտրելով այդ լայն, ասֆալտե շոսսեն`
Անցնում են ահա այն ձորի մոտով,
Ուր աղմկաձայն Զանգուն է հոսում։
Զանգուն է հոսում ներքևում զվարթ,
Հստակ ջրերով անվերջ կարկաչում,
35 Իսկ այնտեղ ահա — մի հին ցանկապատ
Ու քարեր` ընկած կանաչի միջում։—
Քարեր, հի՛ն քարեր, վաղուց մոռացված,
Անանուն, անգիր, ննջում են այնտեղ,
Ուր լռությունն է իշխում ահասաստ
40 Ու հուշն է թռչում` հավիտյան անթև:
Ժպտում է վերից երկինքը կապույտ,
Արևն է զնգում անհուն զնգոցով,
Եվ վաշտն է անցնում քայլերով անփույթ,
Արբած արևի կենսատու բոցով։
45 Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում աշխուժով մի ժիր,
Եվ մանուկների աչքերում նստած`
Գարունն է ժպտում արևի ուժին։—
Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
50 Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
Գարու՛նն է կանչում անափ կարոտով։—

Անցնում են նրանք։— Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ`