Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/105

Այս էջը հաստատված է

55 Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա։—
Պիոներական փողկապը վզին,
Ոտները մինչև ծունկերը բոբիկ,
Ճակատը բարձր, աչքերը լուսե,
60 Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ,—
Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
Գերեզմանատան քարերին մի պահ
Հետո կարծրացած փոշին է քերում
Նա մի հին քարի վրայից ահա։
65 Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...
Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»:
Կարդում է նա իր աչքերով ծավի,
70 Ժպտում է, հիշում կարծես ինչ—որ բան,
Քաղում է ապա մի կանաչ բաղեղ —
Ու շարունակում իր թողած ճամփան:
Ծիծաղով հնչուն ու արծաթաձայն
Միանում է նա կրկին շարքերին —
Եվ, հուշի նման հավիտյան անցած,
Մնում է հանդում մի կորած շիրիմ...
. . . . . . . . . . . . . . . . . . .
Լսո՞ւմ ես` այդտեղ իմ սի՛րտն է թաղած,—
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
Օ, դու՛, գալիքի գանգրահե՛ր տղա,
Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ...
1928 — 1929