Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

Պայքար է կրկին քո շուրջը հիմա
Եվ զենքեր են պետք ավելի՛ հատու,
Եվ այս ամեհի պայքարի համար
Նոր զենքեր պիտի կռես հիմա դու.
110 Եվ պետք է լինես ավելի՛ համառ,
Ավելի՛ զգաստ, ավելի՛ արթուն։

Դու կերգես հիմա անխոնջ ու անդուլ,
Քրտինքով թրջած երես ու ճակատ,—
Եվ, ինչպես խոփը քարաշատ արտում,
115 Միտքը կհերկես այսօրվա մարդու,
Մինչև գրոհի ժամանակը գա։

Եվ ժամը երբ գա — դու կրկի՛ն, կրկի՛ն,
Ինչպես անցյալում կոմունար կանայք —
Ամպրոպադղորդ քնարը ձեռքիդ,
120 Գրոհի վսեմ երգը շրթունքիդ
Դիրքերում ինձ հետ կկանգնես անահ։

Եվ ընկնեմ երբ ես՝ իմ սրտից զարկած —
Կմեռնես ինձ հետ ժպիտով հանգիստ,
Եվ կցրտանա քնարդ հանգած՝
125 Մեռնելուց առաջ մի վերջին անգամ
Ողջույն հնչելով ապագա կյանքին...