Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/118

Այս էջը հաստատված է


ԸՆԹԵՐՑՈՂԻՍ

Ուղարկում եմ գիրքս քեզ,
Ո՜վ դու ընթերցող։
Կուզես՝ կարդա, օ, կուզես՝
Շպրտի՛ր մի կողմ։

Գրել եմ ես իմ գրքում
Այնպիսի՛ տողեր,
Որ չի գրի իր երգում
Եվ ո՛չ մի պովետ։—

Լավ եմ գրել ես, թե վատ —
Սրտո՛վդ իմացիր,—
Չկա՛ ուրիշ քննադատ
Քո սրտից բացի՛։

1929