Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144

Այս էջը հաստատված է

Դրա համա՞ր էր արդյոք տված
Այս վսեմ բախտը քեզ աշխարհում։
1929

XIII


Նրանք ասում են, որ ես հոգնել եմ,
Որ ես շեղել եմ ուղիս ուղիղ,
Որ մեր պայքարը հոգիս լքել է
Եվ ես ընտրել եմ ուրիշ ուղի։
5 Նրանք ծամում են այդ ցուրտ խոսքերը,
Զառամ շրթերը քսում իրար,
Կարծես շրշում են դեղին հասկերը,
Կարծես մեռնում են այնտեղ նրանք։—
1929

XIV


Նա մի աղջիկ էր, մի դիցուհի՛,
Որ օրերո՛ւմ այն տրտմաթախիծ
Քեզ նայեց նազով ու ծիծաղեց —
Մի գավառական գեղեցկուհի...
5 Նա խոստացա՛վ քեզ երգեր երգել,
Բերել կարոտներ ու անմար փառք,—
Բայց երբե՛ք, երբե՛ք նա քնքշաբար
Չփարվեց կրծքիդ ու չգերեց։
Այգ գեղեցկուհին... Մուսա՛դ էր նա,
10 Որ այնտեղ, Կարսում, այն գետափին
Նվիրեց մի օր քեզ գո՛րշ շապիկ
Ու գավառական մի խեղճ քնար...
1929