Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է

Բարձրանում է հուր, խնդուն երգով
Քո վերջի՛ն, վերջի՜ն լեռան վերև.
Վերջին գագաթն է քո դեմ ցցված՝
75 Քարքարոտ, անհաս ու ձյունաձիր.
Դու վերջի՜ն անգամ պիտի զգաս
Բարձունքի ցնորքն անծայրածիր։

Օ, վերջի՛ն անգամ խնդուն երգով
Թոթափի՛ր հոգիդ ու բարձրացի՛ր,
80 ժպիտով անհուն նայիր ներքև՝
Դաշտերում ծագող լուսաբացին,—
Ու քայլի՛ր անդուլ, քայլի՛ր կրկին,
Թող նորի՛ց հոգիդ արյունոտի,
Բայց ճահիճների ճղճիմ երգին
85 Թող երբե՛ք, երբե՛ք չկարոտի։

Ներքևում ահա, լեռան լանջին,
Ուր կան խարույկներ ու արոտներ,
Ինչպես ցնորքներ ու մտքեր չնչին—
Ձգվում են նեղլիկ արահետներ։
90 Մարդիկ են ահա այնտեղ հածում
Եվ արածում են այնտեղ գառներ,—
Բայց ուղի՛ն, ուղի՛ն քո մահացու
Արահետներին դու չխառնես։

Եղիր վերջի՛ն դու, եղիր հետի՛ն,
95 Թող լինի ուղիդ օրհասական,
Քո ճանապարհը երբե՛ք, սակայն,
Չխառնե՛ս նրանց արահետին։—
Մաքառի՛ր անդուլ, գնա վերև՛,
Քո գագաթնային երգը երգիր,
100 Վերելքը թող քեզ տանջանք բերե,
Եվ արյուն ծորա թող քո վերքից —