Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/17

Այս էջը հաստատված է

ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ
(Ներբող լիրիքական)
ՊԱՏԱՍԽԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՍ

Եվ գիտեմ ես հիմա, որ համա՛ռ է,

Առօրյա աշխատանք է անդուլ —
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով...

                           Ե․Չ․

Օ, դուք, ասպետներ չնչի՛ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.—
Ես ոգով հիմա պի՛նդ եմ ավելի,
Ավելի՛ տոկուն, քան էի առաջ։
5 Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա՛յլ եմ հիմա, այլևս այն չեմ —
Նշանակում է՝ նոր հո՛ւն եմ մտել՝
Ավելի խորունկ, ավելի անշեղ։

Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
10 Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,—
Եվ ոգով այսօր չե՛մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ:
Իմ հոգին այսօր էլ չի՛ մանրանում,
Չի՛ մսխում իրեն թռվռուն խոսքով —
15 Այդպես ցողո՛ւնն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով։

Ես այն չեմ հիմա... Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից—անկում —