Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/175

Այս էջը հաստատված է

Ա


20 Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև այր արդար և դյուցազուն։—
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
25 Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,—
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում էր նա միշտ իր սրով սուր:—
Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
30 Նա հուր ձի ուներ, կայծակե սուր․
Բայց ուժը նրա, որ չէր կասում,
Ժողովուրդն էր իր բազմաբազում:
Եվ անպարտ էր նա իր սրով սուր
Եվ ժողովրդով ռամիկ ու սուրբ:—

Բ


35 Մհերի օրով երկրում Սասուն
Ապրում էր ռամիկ մի ժողովուրդ,
Չուներ իշխաններ նա դեռ հմուտ,
Իշխաններ դժնի, ու չար, ու մութ,
Եվ ապրում էր իր լեռներում լուրթ
40 Վաստակով իր պարզ, քրտինքով սուրբ
Առյուծ—Մհերին, դյուցազնին մեր
նա ինքն էր իրեն իշխան կարգել —
Եվ ապրում էր իր լեռներում դեռ
Նա կյանքով ազատ ու անարգել:—