Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/178

Այս էջը հաստատված է

95 Որ հուշն իր էլ հա՛ր երկրի վրա
Պիտի առկայծի ու հուրհուրա։—
Եվ նայելով իր մանուկ Դավթին՝
Նա պայծառացավ սրտով կրկին,
Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր
100 Հրաշքով մի սուրբ ու անհնար,—
Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարհ
Ու հուր—հավիտյան պիտի մնար...

Ը


Գիտեր նա արդեն, դյուցազնը ծեր,
Որ դյուցազուն է Դավիթն հուրհեր,
105 Որ երկրին իր լուրթ, ու բարձր, ու վեհ
Որքան էլ ահ գա, որքան ավեր —
Կելնե Սասունցի Դավիթը վեր,
Իբրև նո՛ր դյուցազն ու նոր Մհեր։
Գիտեր, որ արդեն երկրին Սասուն,
110 Իր ժողովրդին ռամիկ ու սուրբ՝
Թեկուզ փորձանքներ իջնեն բազում,
Որքան էլ տևեն նոքա երկար —
Ահա Դավի՛թը իր դյուցազուն,
Իր ժողովրդի բազուկը սուրբ
115 Ե՛վ արդար, և՛ վեհ, և՛ աներկբա...
Ցնծաց նա սրտով իր աներեր,
Այդ ինքն էր կարծես ծնվել երեկ,
Խոր խավարի մեջ տեսել ցերեկ.
Փարվեց կարոտով որդուն նորեկ —
120 Խանդով խնդագին գրկեց նրան,—
Փակեց նա ապա աչքերը սեգ —
Եվ ինքն էլ, կինն էլ ընկան—մեռան...