Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է

Հանգստացել ու նստել է հիմի
20 Եվ ամեն կանչի չի՝ արձագանքում։—
էլ չի՛ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.—
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա։
25 Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ծովում հողմածեծ
Միա՛յն երգերով ու անձև խանդով
Օ, ո՛չ մի ցողուն դեռ չի՛ բարձրացել։
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
30 Զգացմունքների հորձանքից անձև—
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց։

Ու դա՜շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
35 Թմբկի փոխարեն ձեռքերիս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի։
Իմ գլխի վերև կեսօ՛ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմ — խոհերի չհնձած արտեր,—
40 Եվ հոգսն է ահա հոնքերը կիտում։—
Ինչքա՜ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա՜ն հունդեր ցրել եմ ձրի,—
Եվ ինչքա՜ն պիտի հիմա աշխատեմ.
Որ գտնեմ ես այն, ինչ զո՜ւր կորցրի...
45 Ես շռա՛յլ եղա իբրև սերմնացան,
Ժլա՛տ կլինեմ՝ ելնելով հնձի,—
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս խանձի —