Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/184

Այս էջը հաստատված է

Հարկահաններին դիմավորեց։—
Գնաց նա ապա, անհուն հորից
Հանեց Մհերի գանձը խորին,
Եվ զարմանալի՜ շռայլորեն
265 Սկսեց չափել, ինչպես ցորեն,
Առյուծ-Մհերի գանձը, որ էլ
Մսրամելիքի ձեռքը զորեղ
Հավիտյան իշխե, թագավորե։—
Չկար Մհերի զորքը հո էլ,
270 Որ ճզմեր նրանց ու տրորեր։—

ԺԷ


Այդ ժամին մանուկ Դավիթն հուրհեր
Այն պառավ կնոջ աղքատ արտում,
Թռչունների դեմ ելած մարտի,
Ձեռին մի կանաչ, բարակ բարդի,
275 Խաղում էր զվարթ ու թռչկոտում։—
Պառավը կանչեց մանուկ Դավթին,
«Ո՜վ Դավիթ»— կանչեց — «Քաջի՛ որդի,
«Դու ի՜նչ ես ուզում իմ խեղճ արտից.
«Ինչքա՜ն տրորես ոսկեհատիկ
280 «Հասկերը այրու կտավատի,
«Չե՞ս տեսնում՝ Բադին ու Կոզբադին
«Տանում են քո հոր արդար ոսկին.
«Ուժ, զորություն է տված բազկիդ,
«Գնա՛, ո՜վ Դավիթ, գնա՛ հսկի —
285 «Չտանեն քո հոր արդար ոսկին»։
«Բայց ո՜վ է տալիս ոսկին իմ հոր
«Բադուն, Կոզբադուն»— զարմանքով խոր
Հարցրեց Դավիթ-դյուցազնը նոր։—
«Ձենով-Օհանն է տալիս քո հոր