Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/193

Այս էջը հաստատված է

Դյուցազուն Դավթի վրա փչեց,
525 Որ նրան, ինչպես չնչին տաշեղ,
Թռցնե, Սասմա դաշտից քշե։—
Բայց կանգնած մնաց Դավիթն հուրհեր
Իր տեղում անշարժ ու աներեր։—

ԻԶ


Վեր թռավ տեղից Մելիքն ահեղ
530 Սարսափից կորած ու խելահեղ,
Բայց զսպեց իրեն, շունչը պահեց,
Ժպտալով ապա Դավթին նայեց,
«Նե՛րս արի»— ասաց— «Դավի՛թ ջահել,
«Նստենք միասին, մարդավայել
535 «Խոսք—զրույց անենք, ապա կրկին
«Ելնենք միասին, կարգով կարգին
Ձի—նժույգ նստած, զրահ առած՝
«Մեր ուժը փորձենք զորքի առաջ»։
Օ՜, մանուկ Դավիթ դու միամի՛տ,
540 Առյուծ—Մհերի որդի՛ ռամիկ,
Քո գլխում ինչքա՜ն խաղա քամի,—
Ահեղ փորձության, մահու ժամին
Որքա՜ն հավատաս անգետ կամիվ
Ամե՛ն մի ոսոխ ու թշնամի
545 Մսրամելիքիր ու Օհանի...
Ահա Մելիքը, արքան այն նեռ,
Քեզ նենգ ժպիտով կանչում է ներս,
Որ դավով խարդախ ու արնանենգ,
Քեզանից, Դավի՛թ, իր ոխն հանե։—
550 Եվ ռամիկ Դավիթն, արդար ու մեղմ,
Հավատաց չարին ու մտավ ներս,
Եվ ընկավ, խաբված դավով այն նենգ,
Մելիքի փորած անdունդի մեջ․․․