Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/194

Այս էջը հաստատված է
Իէ

Ընկավ մեր Դավիթն անդունդի մեջ.
555 Շուրջը — մթություն, ու մուժ, ու մեգ,
Իսկ վերից Մելիքը արնանենգ,
Սարսելով ահից իր խելագար,
Քաշեց մի հսկա, վիթխարի քար։—
Դավիթը մնաց փոսում խավար,
560 Անպաշտպան, մենակ, իսկ դուսը չար
Մսրամելիքը, արքան դաժան,
Քրքջում էր ահեղ ու ժանտաժանտ։—
Եվ Սասմա վրա իջավ այնժամ
Խորշակ դառնաղետ, մահ տարաժամ։—
565 Եվ Դավիթն, ընկած խավարում քար,
Օգնության կանչեց երկար, երկար,
Եվ զուր է ասում զրույցը հար,
Թե պահուն այդ սև, այդ ժամին չար,
Օգնության եկավ խորհուրդով վառ
570 Ձենով—Օհանը, իշխանն այն մառ։—
Նա չեկավ, Ձենով իշխանն հայոց․
Սև սրտում՝ սարսափ ու ա՛հ մահու՝
Նա Մելիքին էր նվաստ նայում
Եվ ժողովրդին հրամայում —
575 Հավաքեն, տանեն նրա համար
Քառասուն կաղ կին՝ կորեկ աղան,
Քառասուն այլ կին, որ ուղտ բառնան,
Քառասուն աղջիկ՝ նման գարնան՝
Գնան՝ Մելիքին վարձակ դառնան։—
580 Հավաքեց ապա ահով անսանձ
Օհանը ամբավ ոսկի ու գանձ,
Մսրամելիքի մոտը գնաց,
Թախանձեց, խնդրեց վիզը ծռած,