Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/201

Այս էջը հաստատված է

760 Եվ դարեր ապա ու տարիներ
Լեռներում Սասմա, աշխարհում մեր,
Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց —
Ձենով—Օհանի զարմը տիրեց...
Տիրեց Օհանի սերունդը մառ
765 Բազում տարիներ,— ու դարեդար
Հայրենի երկրում ժլատ ու չար,
Անդուլ կեղեքող — ձեռքով շռայլ
Ցրե՜ց մեր երկրի գանձը անծայր
Եվ ինքնությունը մեր ոսկեսար։—
770 Եվ եկան ապա ու շարեշար
Տիրեցին երկրին իշխաններ չար,
Տերեր հայրենի ու զանազան,
Ազատանիներ՝ վարքով գազան,
Եվ նեռ—արքաներ հազարհազար։
775 Եվ ժողովրդի գլխին ազատ,
Իբրև հովանի մի սրբազան,
Կախվեց տերերի ժանիքը ժանտ —
Ե՛վ խարույկ, և՛ խաչ, և՛ խարազան...
Այսպես Օհանի սերունդը մառ
780 Տիրեց աշխարհում երկա՜ր, երկա՜ր,
Մինչև օրն եկավ — և դեմքով վառ
Ելավ քարայրից Մհերն արդար,
Եվ բերեց զարմին Օհանի չար
Անկում վերջնական և մահ անճառ։—
785 Օ՜, անմահ Մհե՛ր, քանի՜ դու դար
Պիտի մնայիր այրում խավար,
Մինչև աշխարհում քո օրը գար
Եվ ելնեիր դու արևավառ —
Համա՛յն աշխարհի զարմերին չար
790 Բերելու անկում և մահ արդար։—